5 սեպտեմբերի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Կովկասյան հարցերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն պարոն Ջոն Մարկ Պոմերշեյմի հետ:
Քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ եղավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանի անվտանգությանն ու դրանում ԱՄՆ-ի մոտեցումներին, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ինքնիշխանությանը վերաբերող մի շարք հարցերի:
Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:
Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում:
Թող Արեւելքը շատ չոգեւորվի, ոչ էլ Արեւմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ:
Ես այլեւս կոչ չեմ անի. պարզապես անհրաժեշտ է, որ գիտակից բոլոր քաղաքացիներն ու ուժերը՝ Հայրենիքում եւ Սփյուռքում, հաղթահարեն սեփական վիճակն ու փոխադարձ մեղադրանքը եւ, վերջապես, սահմանադրական կարգի հաստատման վճռականությամբ կազմեն Համազգային միացյալ ճակատ:
Երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի եւ համբերության հնարավոր բոլոր պաշարներն արդեն սպառվել են:
Հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության եւ ազգային անվտանգության՝ նա պետք է ազատի իր գրաված աթոռը:
3 սեպտեմբերի 2013թ., Կապան: Սեպտեմբերի 2-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը ընթացել է Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վանք-Կալեր, Վարդանիձոր, Թղկուտ, Լեհվազ, Ալվանք գյուղական համայնքերում և Մեղրի քաղաքում:
2 սեպտեմբերի 2013թ., Կապան: Սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեկնարկեց «Ժառանգության» կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը: Այն սկիզբ առավ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի մոտից: Խուստուփ լեռան շուքի ներքո ամփոփված՝ Նժդեհի մասունքների սրբազան վայրում կուսակցության ներկայացուցիչներն ուխտեցին բոլոր այն ծրագրերի իրականացման համար, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից եւ Նոր Հայաստանի պայքարի ոգուց:
Այսօր Կոմիտասի 5-ի բնակիչները եւ նրանց աջակցող քաղաքացիական խմբերը եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ակտիվիստները շարունակեցին իրենց պայքարը Կոմիտասի 5 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության դեմ: Չհաշտվելով այն հանգամանքի հետ, որ շինհրապարակը պաշտպանող մի քանի տասնյակ ոստիկաններն ու կարմիր բերետավորները թույլ չեն տալիս նրանց խոչընդոտելու ապօրինի շինարարությանը, ի նշան բողոքի նրանք իրականացրեցին ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ փակելով նախ Վաղարշյան, ապա Կոմիտաս փողոցները տարբեր հատվածներում:
23 օգոստոսի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով, որին մասնակցում էին հասարակության գործուն հատվածի, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ: